Շանգո
| Շանգո | |
|---|---|
| Տեսակ | առանձնյակ |
| Ծնվել է | 1911 |
| Սատկել է | 1961 |
| Սատկելու վայր | Մոսկվայի կենդանաբանական այգի, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ |
Շանգո (ռուս.՝ Шанго), ասիական հսկա փիղ, որը 1940-ական թվականներից մինչև 1960-ականների սկիզբը եղել է Մոսկվայի կենդանաբանական այգու կենդանիներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շանգոն ծնվել է 1911 թվականին՝ ենթադրաբար Հինդուստան թերակղզում։ 1933 թվականին նրան տեղափոխել են ԽՍՀՄ, և մի քանի տարի նա շրջել է երկրով մեկ՝ շրջիկ կենդանաբանական ցուցահանդեսի կազմում։ Փղի անսովոր մեծ չափերը ոչ միայն գրավում էին այցելուներին՝ ապահովելով լավ եկամուտ, այլ նաև լուրջ խնդիրներ էին ստեղծում։ Երիտասարդ տարիքում Շանգոն վարժեցված էր, սակայն տարիքի հետ նրա բնավորությունն ավելի ու ավելի անհանգիստ և ագրեսիվ էր դառնում։ «Մեծ ավերածություններ նա գործեց Յարոսլավլի մոտ գտնվող Վսպոլյե կայարանում, ուր ժամանել էր շրջիկ կենդանաբանական ցուցահանդեսի հետ։ Շանգոն չցանկացավ դուրս գալ վագոնից, պոկեց ու կոտրեց դրա տանիքը և սկսեց քանդել պատերը։ Շուտով վագոնից մնաց միայն այն հարթակը, որի վրա նա կանգնած էր»[1]։
Հսկայական փիղը վտանգավոր էր դարձել, և 1938 թվականին նրան ստիպված եղան տեղափոխել Ստալինգրադի կենդանաբանական այգի։ Սակայն այնտեղ նույնպես չկարողացան նրան կառավարել, և 1940 թվականի օգոստոսին Շանգոյին տեղափոխեցին Մոսկվայի կենդանաբանական այգի[2], որտեղ երկու տարի առաջ կառուցվել էր փղերի ընդարձակ և ամուր վանդակ[3]։ Մայրաքաղաքի կենդանաբանական այգու մյուս փղերը՝ Նոնան, Ջինդաուն[4], Մանյան և Միրզան, հենց առաջին իսկ օրվանից Շանգոյին ճանաչեցին որպես իրենց առաջնորդ և ենթարկվեցին նրան։ «Այժմ փղերը դուրս էին գալիս տարածքից միայն միասին, իսկ առջևից միշտ գնում էր Շանգոն։ Ոչ մի ուժով և ոչ մի գայթակղությամբ հնարավոր չէր փղերին դուրս բերել վանդակից առանց Շանգոյի։ Իսկ երեկոյան նա նրանց կրկին քշում էր վանդակ՝ հետևից գլխով հրելով»[5]։
Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո առաջին ամիսներին Մոսկվայի կենդանաբանական այգուց տարհանեցին բոլոր փղերին, բացի Շանգոյից և նրա ընկերուհի Ջինդաուից։ Այդ ժամանակ Շանգոն այնքան էր մեծացել, որ այլևս չէր տեղավորվում երկաթուղային վագոնում, իսկ կենդանաբանական այգու աշխատակիցներին չէր թողնում մոտենալ Ջինդաուին։
«Շանգոն հսկա փիղ է։ Նրա հասակը հասնում է 4,5 մետրի, իսկ քաշը՝ մոտ 5,5 տոննայի։ Փիղն օժտված է հսկայական ուժով․ նա հեշտությամբ ծռում է ռելսերն ու պողպատե հեծանները և հաճախ մեծ ավերածություններ է պատճառում փղերի վանդակում»[2]։ Թշնամու ռմբակոծությունների ժամանակ Շանգոն պահպանում էր լիակատար հանգստություն, չէր վախենում կրակից և նույնիսկ մարում էր հրկիզվող ռումբերը՝ կնճիթի մեջ ջուր հավաքելով և այն ուժեղ շիթով ցողելով դրանց վրա՝ կարծես հրշեջ խողովակից[6]։ Պատերազմի տարիներին Շանգոն վերապրեց Ջինդաուի մահը, և նրա բնավորությունն ամբողջովին փոխվեց։ Սակայն 1946 թվականի հունիսին Մոսկվայի կենդանաբանական այգի բերեցին նրա հասակակից ասիական փղին՝ Մոլլիին, որը նրանից երկու փղիկ ունեցավ՝ Մոսկվիչը (ծնվել է 1948 թվականի օգոստոսի 3-ին) և Կարատը (ծնվել է 1952 թվականի օգոստոսի 25-ին)։ Մոսկվիչը դարձավ «Ռուսաստանի կենդանաբանական այգիների գոյության ողջ պատմության ընթացքում գերության պայմաններում ծնված առաջին փղիկը»[7]։ Երկու դեպքում էլ հղիությունը տևել է մոտ 22 ամիս։
«Լավ պահված և քնքուշ Մոլլին լավ էր «ազդում» անհանգիստ Շանգոյի վրա։ Նա նույնիսկ յուրովի «դաստիարակում» էր նրան։ Եթե Շանգոն նետվում էր ներս մտնող աշխատակցուհու վրա, Մոլլին կանգնում էր նրա առջև՝ պաշտպանելով նրան և թույլ չտալով, որ Շանգոն վնասի։ Օգտվելով այդպիսի պաշտպանությունից՝ աշխատակիցները մաքրման ժամանակ այլևս չէին առանձնացնում փղին։ Նրանք կանչում էին Մոլլիին և նրա «պաշտպանության» ներքո մաքրում էին վանդակը և կեր էին տալիս փղերին»[8]։ Նախկինում ահեղ և խորամանկ Շանգոն ոչ միայն քարեր էր նետում կենդանաբանական այգու այն աշխատակիցների վրա, որոնք իրեն դուր չէին գալիս, այլև, այցելուներին իր մոտ կանչելով, երբեմն կնճիթով խլում էր որևէ մեկի գլխարկը կամ հովանոցը, իսկ երբեմն էլ մարդկանց ջրի շատրվանով թրջում էր։ Սակայն 1940-ական թվականների վերջից, Մոլլիի բարերար ազդեցության ներքո, փղի համբավը փոխվեց՝ վերածվելով փղերի ընտանիքի բարեկիրթ և վեհաշուք հոր համբավի։
1950-ական թվականներին Շանգոյի օրական կերաբաժինը կազմում էր տարբեր տեսակի կերի 140 կգ, այդ թվում՝ 30 կգ խոտ, 70 կգ ճակնդեղ, ինչպես նաև կարտոֆիլ, գազար, կաղամբ, թեփ, վարսակ, խնձոր, ոլոռ, չորահաց, շաքար և աղ։ Բացի այդ, նրան տալիս էին ճիշտ մարսողության համար անհրաժեշտ կոպիտ կեր՝ ծառերի և թփերի ճյուղեր[9]։ Հսկա փիղը վերապրեց նաև Մոլլիի մահը։ Մոլլին սատկեց 1954 թվականին, երբ փորձում էր ներխուժել այն տարածք, որտեղ գտնվում էր Կարատը։ Հարևան սենյակում անասնաբույժները նրա վրա վիրահատական միջամտություն էին կատարում[10]։ Շանգոն սատկեց 1961 թվականի գարնանը՝ ապրելով 50 տարի, որից 20 տարին՝ Մոսկվայի կենդանաբանական այգում։
Գրական ստեղծագործությունների հերոս
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականին Վերա Չապլինան գրել է «Շանգո» պատմվածքը, որը ներառել է իր հետպատերազմյան «Չորքոտանի բարեկամներ» (1947) ժողովածուում՝ նվիրված Մոսկվայի կենդանաբանական այգու կենդանիներին։ Սա պատմվածքի առաջին տարբերակն էր, որն ավարտվում էր Ջինդաուի մահվան կապակցությամբ փղի սգի տեսարանով.
«Շանգոն չէր փնտրում Ջինդաուին։ Նա, ինչպես միշտ, բարձրացավ իր սիրելի բլրակը։ Որոշ ժամանակ անշարժ կանգնեց, ապա դանդաղ սկսեց իջեցնել գլուխը։ Նա այն իջեցնում էր ավելի ու ավելի ցած, մինչև ժանիքները դիպան գետնին։ Այնուհետև նա ծնկի իջավ և ժանիքները խորությամբ, մինչև հիմքը, խրեց փափուկ հողի մեջ։ Այդպես նա երկար կանգնած մնաց՝ չշարժվելով, իսկ ես նայում էի Շանգոյին և մտածում, թե ինչպես է յուրաքանչյուր կենդանի յուրովի արտահայտում իր վիշտը»[11]։
1955 թվականին «Կենդանաբանական այգու սաները» ժողովածուում լույս է տեսնում «Շանգո»[12] պատմվածքի երկրորդ տարբերակը, որը լրացվել էր Մոլլիի հետ հանդիպման և Մոսկվիչի ծննդյան դրվագներով։ Թեև Չապլինան 1952 թվականի դեկտեմբերին գրել էր Շանգոյի և Մոլլիի երկրորդ փղիկի՝ Կարատի[13] ծնվելու մասին, նա որոշեց նրան չներառել պատմվածքում և չմթագնել պատմվածքի ավարտը Մոլլիի մահվամբ։ Գրողը Շանգոյի պատմությունն ավարտեց 1951 թվականի իրադարձություններով.
«Երբ Մոսկվիչը դարձավ երեք տարեկան, այնքան էր մեծացել, որ հասակով գրեթե հասել էր մորը»։ Մոսկվիչը շարունակում էր մնալ մեծ չարաճճի, սակայն Շանգոյին ենթարկվում էր, և փղերի ամբողջ ընտանիքը խաղաղ ապրում էր կենդանաբանական այգում[14]։
«Շանգո» պատմվածքը «Կենդանաբանական այգու սաները» շարքի շրջանակում ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում հրատարակվել է ավելի քան 100 անգամ և թարգմանվել է տասնյակ լեզուներով[15]։ Նկարազարդումներ են ստեղծել հայտնի հայրենական կենդանաբան նկարիչներ Գեորգի Նիկոլսկին և Դմիտրի Գորլովը, ինչպես նաև գրքային գրաֆիկայի արտասահմանյան վարպետներ՝ Ֆրանտիշեկ Գլոժնիկը և Դագմար Չեռնայան (Չեխոսլովակիա), Տերեզա Տիշկևիչովան (Լեհաստան), Պետեր Սեչկոն (Հունգարիա), Հելմուտ Կլոսը (ԳԴՀ), Մել Հանթերը (ԱՄՆ) և ուրիշներ[16][17]։
Շանգո փիղը դարձել է նաև Մոսկվայի կենդանաբանական այգու աշխատակից Սերգեյ Կանցլերի գրած և կենդանաբան նկարիչ Վադիմ Տրոֆիմովի նկարազարդած փոքրիկ գրքի հերոսը՝ «Շանգոն և Մոլլին» (1948)[18]։
Բացի այս ստեղծագործություններից, որոնք ներկայացնում են Շանգոյի կյանքի իրական կենսագրական դրվագները, Մոսկվայի կենդանաբանական այգու հանրահայտ փիղը դարձել է նաև Վիկտոր Դրագունսկու «Փիղը և ռադիոն» հումորային պատմվածքի հերոսը՝ «Դենիսկայի պատմվածքները» շարքում։ Պատմվածքի հիմքում ընկած է Շանգոյի՝ անզգույշ այցելուների ձեռքից կնճիթով ամենատարբեր առարկաները հանկարծակի խլելու լայնորեն հայտնի սովորությունը։
Բացի այդ, Շանգոն Սերգեյ Բարուզդինի «Փղային հիշողություն» ևս մեկ հումորային, սակայն արդեն բացահայտ երևակայական պատմվածքի հերոսն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сосновский И. П. Московский зоопарк. М., «Московский рабочий», 1957. С. 44.
- 1 2 Московский зоопарк (путеводитель). М., «Московский рабочий», 1952. С. 46.
- ↑ Островский Л. В. Зоопарк сегодня. М., издание Московского зоопарка, 1939. С. 34.
- ↑ «В коллекции Московского зоопарка 1930-х было две слонихи с одинаковым именем Джиндау». Արխիվացված օրիգինալից 2016-09-17-ին. Վերցված է 2016-09-30-ին.
- ↑ Чаплина В. В. Шанго / Питомцы зоопарка. М., «ЭКСМО», 2013. С. 364.
- ↑ Надеждина Н. Зоопарк в дни войны. «Мурзилка», 1943 г., № 7. С. 16. (Рисунок А. Н. Комарова).
- ↑ Коровина А. М. Обзор научно-производственной работы Московского зоопарка // Московский зоопарк (Сборник трудов. Выпуск 1). М., Государственное издательство культурно-просветительной литературы, 1956. С. 36.
- ↑ Чаплина В. В. Шанго / Питомцы зоопарка. М., «ЭКСМО», 2013. С. 373.
- ↑ Туров С. Млекопитающие // Московский зоопарк (сборник статей). М., «Московский рабочий», 1961. С. 334.
- ↑ Я. А. Цингер датирует смерть Молли 1953 годом: Цингер Я. А. Занимательная зоология. М., «Учпедгиз», 1957. С. 13.
- ↑ Чаплина В. В. Шанго / Четвероногие друзья. М.-Л., «Детгиз», 1947. С. 93. (Рисунок Г. Е. Никольского).
- ↑ Окончательная версия рассказа опубликована в сборнике «Питомцы зоопарка» 1965 г.
- ↑ Чаплина В. В. Весёлый слонёнок. «Мурзилка», 1952 г., № 12. С. 18-19. (Рисунок В. А. Белышева).
- ↑ Чаплина В. В. Шанго / Питомцы зоопарка. М., «ЭКСМО», 2013. С. 378.
- ↑ Тавьев, 2016, էջ 214—222
- ↑ Frantisek Hloznik, Dagmar Černá, Teresa Tyszkiewiczowa, Péter Szecskó, Helmut Closs, Mel Hunter.
- ↑ «См. подборку фотографий и рисованных иллюстраций к рассказу Шанго из архива Веры Чаплиной». Արխիվացված օրիգինալից 2018-02-19-ին. Վերցված է 2015-05-11-ին.
- ↑ В конце 1930-х гг. С. Ю. Канцлер работал под руководством В. В. Чаплиной в секции хищных, а во время войны заведовал кормовой лабораторией зоопарка: Московский зоологический парк: к 140-летию со дня основания. Страницы истории. М., «Эллис Лак 2000». 2004. С. 106.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чаплина В. В. Шанго [окончательный вариант] / Питомцы зоопарка. М., «Детская литература». 1965. С. 291—305. (Фотографии А. Анжанова).
- Канцлер С. Ю. Шанго и Молли. М., Издательство Московского зоопарка, 1948. (Рисунки В. Трофимова).
- Драгунский В. Ю. Слон и радио / Денискины рассказы. М., «Малыш», 1966. (Рисунки В. Лосина).
- Баруздин С. А. Слоновья память / Рассказы о животных. М., «Советская Россия», 1980. (Рисунки Н. Хараша).
- Московский зоопарк (путеводитель). М., «Московский рабочий», 1952. С. 45-52, 162. (Фотографии А. Анжанова).
- Московский зоологический парк: к 140-летию со дня основания. Страницы истории. М., «Эллис Лак 2000». 2004. С. 103, 112, 142, 158, 252.
- Тавьев М. Ю. Вера Чаплина. Жизнь и творчество. — СПб.: ИД «Петрополис», 2016. — 224 с. — ISBN 978-5-9676-0766-0
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Документальный фильм «В Московском зоопарке» (в 2-х частях). 1951. Режиссёр Т. Лаврова, операторы: А. Левитан, С. Уралов. РГАКФ: уч. № 7892.
- Документальный фильм «По зоопарку». 1961.Արխիվացված 2017-09-08 Wayback Machine Автор Р. Котс, оператор А. Анжанов